AM
15 Մայիս 2026 - 07:18 AMT

Իջևանում հնդիկ բանվորները բողոքի ակցիա են իրականացրել․ Կա 1 ձերբակալված

Իջևանի կարի ֆաբրիկայում հնդիկ բանվորների աշխատավարձի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով բողոքի ցույցն ավարտվել է մեկ անձի ձերբակալությամբ:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով հնդիկ բանվորը ձերբակալվել է, նախաքննություն է կատարվում, հայտնում է «Ազատությունը»:

Այս նույն ֆաբրիկայում նաև անցած տարի էին բանվորները նույն պահանջով բողոքի ակցիաներ արել: Դրան արձագանքել էին Աշխատանքի տեսչական մարմինը, Մարդու իրավունքների պաշտպանը, անգամ քրեական գործ էր հարուցվել աշխատանքային շահագործման հոդվածով:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել Իջևանում հնդիկ բանվորների բողոքի ակցիայի վերաբերյալ՝ նշելով, որ օտարերկրացիների իրավունքների պաշտպանությունը գտնվում է ուշադրության կենտրոնում։

«Օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձին ուղղություններից է։ Պաշտպանի մանդատի շրջանակում պարբերաբար հասցեավորվում են ինչպես աշխատավայրում խտրականության բացառման, այնպես էլ աշխատանքային իրավունքներին առնչվող այլ խնդիրներ։

Մայիսի 13-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ Իջևան քաղաքում ազգությամբ հնդիկ աշխատակիցների կողմից իրականացված գործադուլի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ Պաշտպանի մանդատին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով։

Աշխատանքային իրավունքներին առնչվող բարձրացված հարցերն ուսումնասիրվել են ՄԻՊ աշխատակազմում և հասցեավորվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

Միաժամանակ, նույն օրը տեղի ունեցած միջադեպի ընթացքում ազատությունից զրկված և ոստիկանության բաժին տեղափոխված օտարերկրացիների իրավունքների պաշտպանության հարցերը ևս Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ ուղղությամբ ևս ՄԻՊ մանդատի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,-ասվում է հայտարարության մեջ:

2025-ին Տեսչականը ֆաբրիկան շահագործող ՍՊԸ «ԻՋ Գրանդ տեքստիլ ՕՊՏ» ՍՊԸ-ին 8 միլիոն դրամով տուգանել էր, բայց միայն աշխատավարձի ուշացումների համար: Աշխատանքային պայմաններն ստուգող պետական կառույցն այդպես էլ չէր անդրադարձել հնդիկ բանվորների բարձրաձայնած խնդիրներին, որտեղ խոսում էին՝ ինչ անմարդկային պայմաններում են աշխատում:

Հնդիկ բանվորներն աշխատում ու ապրում են հենց ֆաբրիկայի տարածքում: