Իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո։ Այս մասին հայտնել է Պետախ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը լայն արձագանք և դժգոհություն է առաջացրել Իսրայելի հայ համայնքում։ Միաժամանակ Չերնամորյանը կարծիք է հայտնել, որ միջադեպը խմբագրական սխալի հետևանք է եղել, այլ ոչ թե կանխամտածված սադրանք։
«Չեմ կարծում, թե սա կանխամտածված քայլ է, ավելի շուտ անփութության դրսևորում է: Նման դեպքեր նախկինում էլ են եղել: Կիրակի օրը մտադիր եմ պաշտոնական նամակ ուղարկել՝ պահանջելով ներողություն խնդրել»,-նշել է նա:
Չերնամորյանը հիշեցրել է Kan 11-ի հետ կապված մեկ այլ աղմկահարույց դեպքի մասին, որը տեղի էր ունեցել 2025 թվականին։ Այդ ժամանակ «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանը հայտարարել էր. «Չեմ հավատում, որ մենք նրանց Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել: Survivor («Վերապրածը»)՝ հենց այսպես ենք մեզ զգում այս երգը լսելուց հետո»:
Այդ միջադեպից հետո Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Իսրայելի հանրային հեռարձակողին՝ պարզաբանում պահանջելով։ Ի պատասխան՝ հայկական կողմը ստացել էր կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազի պաշտոնական նամակը, որով վերջինս ներողություն էր խնդրել մեկնաբանի արտահայտությունների համար։
Ավելի ուշ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հանդես էր եկել նաև հրապարակային ներողությամբ։
Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը դուրս չեն եկել «Եվրատեսիլի» եզրափակիչ:





