Շուրջ մեկ ամիս առաջ Երևանում գտնվող բիայնական դամբարանից պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր գողացած անձինք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր։
Կենտրոնի աշխղեկ Հրաչյա Կամոյանը հայտնել էր, որ գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներ․ փոքր թաս, որի մեջ եղել է կնիք՝ թռչունի նշանով, և փականի մաս։ Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ 35-ամյա և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ 36-ամյա երկու երիտասարդ։
«Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը»,- հայտնել են ոստիկանությունից։
Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողացված իրերը։
Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։





