Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է գնահատել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքը՝ շեշտադրելով պետության պատասխանատվության հարցը։
Նա պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից:
«Հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո, ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։
Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը։ Նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն»,-ասվում է հայտարարության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում կիրառված հսկողության միջոցների, բժշկական արձագանքի, ինչպես նաև ինքնասպանության ռիսկերի գնահատման և կանխարգելման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։
Պաշտպանը վերահաստատել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է առավել զգայուն, մասնագիտական և շարունակական մոտեցում, իսկ նման ողբերգական դեպքերի կանխարգելումը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը:
Մայիսի 16-ին ժամը 18.07 «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
«Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն», – հաղորդել էր Ներքին գործերի նախարարությունը:
Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ «ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ»։
«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել», – հայտնելէր նախարարությունը:
Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում նրան դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել, հայտնում է «Ազատությունը»:
«Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)», – հայտնել են Քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեից նաև փոխանցել են, որ Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության փաստով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։





