Արցախի մոտ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում, հայտնել է «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն և կոչ արել միջազգային հանրությանը գործնականորեն արձագանքել այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում
«Առանձնահատուկ մտահոգության առարկա է բռնազավթված Արցախում ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող պետական քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ«-գրելէ նա:
Նշվում է, որ 2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի թանգարանների հավաքածուները կանգնել են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի առաջ։
«Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվել է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումը, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումն է։ Այս իրավիճակը պահանջել է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։
Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը»,-ասվում է գրառման մեջ:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։





