Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ 2025 թվականին՝ 1981 թվականից ի վեր, աշխարհում արձանագրվել է մահապատիժների կիրառման ամենաբարձր մակարդակը։ Անցած տարվա ընթացքում 17 երկրում մահապատժի է ենթարկվել 2707 մարդ։
Կազմակերպությունը նշել է, որ մահապատիժների վերաբերյալ իր զեկույցում արձանագրված կտրուկ աճը պայմանավորված է այն երկրների փոքր խմբով, րոնք ընտրել են վախեցման միջոցով կառավարելը, հայտնում է Panorama.am-ը:
2025 թվականին արձանագրված մահապատիժների թիվը գրեթե կրկնակի գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը։ Զեկույցի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում մահապատիժների թիվը հասել է առնվազն 356-ի, և այդ պատիժը լայնորեն կիրառվել է հատկապես թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեպքում։ Քուվեյթում մահապատիժների թիվը գրեթե եռապատկվել է՝ 6-ից հասնելով 17-ի, իսկ Եգիպտոսում՝ 13-ից 23-ի, Սինգապուրում՝ 9-ից 17-ի, Միացյալ Նահանգներում՝ 25-ից 47-ի։
Ընդհանուր առմամբ, մահապատիժների թիվն աճել է 78 տոկոսով՝ 2024 թվականին արձանագրված 1518 դեպքի համեմատ։ Amnesty International-ը նաև ընդգծել է, որ 2025 թվականի համաշխարհային վիճակագրության մեջ ներառված չեն այն հազարավոր մահապատիժները, որոնք, կազմակերպության տվյալներով, շարունակվել են Չինաստանում, որը շարունակում է մնալ աշխարհում մահապատիժներ ամենաշատ իրականացնող երկիրը։
«Մահապատիժների այս մտահոգիչ աճը կապված է պետությունների փոքր, մեկուսացված խմբի հետ, որոնք պատրաստ են մահապատիժներ իրականացնել անկախ ամեն ինչից՝ հակառակվելով դրանց վերացման համաշխարհային միտմանը: Իրանը, Եմենը, Չինաստանը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Հյուսիսային Կորեան, Սինգապուրը և Միացյալ Նահանգները՝ այս մի քանի երկրներն օգտագործում են մահապատիժը որպես սպառնալիքի գործիք՝ այլախոհությունը ճնշելու և պետական ինստիտուտների բացարձակ իշխանությունը խոցելի և մարգինալացված խմբերի նկատմամբ ցուցադրելու համար», – ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը:





