Ֆասթ Բանկն սկսել է գործակցել Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիայի հետ որպես գլխավոր հովանավոր։ Այս գործակցությունը կարևոր խթան է առաջիկա գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության նախաշեմին։
ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն-տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանն ընդգծել է, որ այս հովանավորչությունը միտված է խրախուսելու մեր մարզիկներին:
«Գրեփլինգ մարզաձևի մեր ներկայացուցիչները մեծ ներուժ ունեն և լավագույնս դրսևորել են իրենց տարբեր առաջնություններում: Ֆասթ Բանկի աջակցությունը միտված է քաջալերելու մեր տաղանդավոր ըմբիշներին, և մենք վստահ ենք, որ շարունակական աշխատանքների և աջակցության շնորհիվ կհասնենք հաղթանակների», – ասել է նա։
Մայիսի 24-31-ը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալելու է UWW (United World Wrestling) միջազգային կազմակերպության պաշտոնական Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մասնակցելու է իր ամբողջ կազմով՝ մինչև 15 տարեկանների , 17 և 20 տարեկանների, մեծահասակների մրցաշարերում:
Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը նշել է․ «Մենք գնահատում ենք մեր գործընկերներին՝ հանձինս Ֆասթ Բանկի, որը մեր կողքին է և դարձնում է այս առաջնությունը հնարավոր, և իհարկե կուզեմ նշել, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք հյուրընկալել ենք Եվրոպայի առաջնության միաժամանակ տարբեր ուղղություններ, այն է՝ գրեփլինգ, պանկրատիոն և սիրողական խառը մենամարտեր»։
Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիան գործում է 2020 թվականից, այս ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները հասցրել են 72 մեդալ նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։
Ֆասթ Բանկը շարունակաբար ներդրումներ է կատարում Հայաստանում ամենատարբեր մարզաձևերի զարգացման ուղղությամբ և վերջին շրջանում մի շարք գործակցության պայմանագրեր է կնքել տարբեր ակումբների հետ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





