Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված երկու կլոր սեղան-քննարկման։ Նա բացման խոսքով հանդես է եկել «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կազմակերպած՝ «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում» և «Դիգնիթի» ՀԿ-ի կազմակերպած՝ «Ժողովրդավարության սրտում» խորագրերով քննարկումներում։
Իր ելույթներում Անահիտ Մանասյանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը չի կարող ամբողջությամբ գործել հանդուրժողականության և համերաշխության պակասի պայմաններում, իսկ ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից կամ ենթարկվել խտրական վերաբերմունքի։
Պաշտպանը հատկապես կարևորել է հակախտրականության ոլորտում առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումն ու խտրական և ատելության խոսույթի բացառումը հասարակական միջավայրից՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2023 թվականից սկսած թե՛ գործունեության, թե՛ տարեկան հաղորդումների շրջանակում որդեգրել է նոր և համապարփակ մոտեցում նշված ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման համակարգի վերաբերյալ։
Անահիտ Մանասյանը նշել է նաև, որ հասարակությունում ձևավորված կարծրատիպերի և նախապաշարմունքների հաղթահարման համար անհրաժեշտ են կրթական և համակարգային բարեփոխումներ, ինչպես նաև տարբեր ոլորտների մասնագետների, այդ թվում՝ իրավապահ, առողջապահական և կրթական համակարգերի ներկայացուցիչների վերապատրաստումներ և իրազեկվածության բարձրացման միջոցառումներ՝ մարդու իրավունքների զգայուն հարցերի պատշաճ հասցեավորման նպատակով։
Անդրադառնալով ատելության և խտրական խոսքի խնդրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մշտադիտարկումների արդյունքում շարունակաբար արձանագրվել են խտրական խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներ, ինչպես նաև իրավահավասարության ոլորտին վերաբերող թեմաների օգտագործմամբ ապատեղեկատվական արշավներ, այդ թվում՝ ընտրական գործընթացների ընթացքում, որոնք, նրա խոսքով, պահանջում են հետևողական և արդյունավետ հակազդում։
Պաշտպանը շեշտել է նաև իրավահավասարության և հակախտրականության վերաբերյալ համապարփակ օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը։
Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների և դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ ներգրավվածությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգում առկա զգայուն խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից։
Քննարկումների ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել միջոցառումների կազմակերպիչներին՝ «Փինք» և «Դիգնիթի» հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև ոլորտում ներգրավված բոլոր գործընկերներին՝ շարունակական համագործակցության համար։
Միջոցառումներին մասնակցել են նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը, Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։





