Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների թիվն աճել է 9.4 տոկոսով կամ 289 հազարով, հայտնել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը գործակարգավարական նիստի ժամանակ:
Նրա ներկայացմամբ՝ վավերացումները փոխադրողների միջև բաշխվել են հետևյալ կերպ՝ տրոլեյբուսներում արձանագրվել է 127 հազար 521 վավերացում, մետրոպոլիտենում՝ 599 հազար 267, իսկ ավտոբուսներում՝ 2 մլն 641 հազար 364, հայտնում է Radar Armenia-ն:
Ընդհանուր առմամբ գրանցվել է 3 մլն 368 հազար վավերացում։
Տեղեկացվել է նաև, որ մայրաքաղաք են հասել 45 նոր տրոլեյբուսները, հայտնում է Factor.am-ը:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը ներկայացրել է վերջին երկու շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով՝ 76 երթուղիներում ընդհանուր առմամբ սպասարկվել է 8756 միավոր շարժակազմ, իսկ կատարողականը կազմել է 100 տոկոս։
Կիրակոսյանը տեղեկացրել է նաև, որ ներկայում անսարք է 65 տրանսպորտային միջոց։ Մասնավորապես՝ «ՄԱՆ» մակնիշի 87 ավտոբուսներից անսարք է 2-ը, «Ժոնգ Թոնգ» մակնիշի 562 ավտոբուսներից՝ 30-ը, «Հայգեր» մակնիշի 103 ավտոբուսներից՝ 15-ը, իսկ փոքր դասի 100 միկրոավտոբուսներից՝ 18-ը։
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն իր ելույթում անդրադարձել է նաև հանրային տրանսպորտում ուղեվարձ չվճարելու խնդրին։ Նա նշել է, որ անկախ նախընտրական գործընթացներից՝ քաղաքապետարանի համար առաջնահերթություն է մնում ավտոբուսներում ուղեվարձերի հավաքագրումն ու համակարգի զարգացումը։
«Անընդունելի է մեզ համար, ուղեվարձի հավաքագրումներն առաջնահերթություն են»,- հայտարարել է Փամբուխչյանը։
Նա նաև վարորդներին կոչ է արել պահպանել վերահսկողության ներկայիս ինտենսիվությունը։





