«Անկախ դիտորդն» անդրադարձել է «Նուբարաշենի» հոգեբուժարանում մայիսի 16-ին արձանագրված ինքնասպանության դեպքին՝ այն գնահատելով խիստ մտահոգիչ։
Նշվում է, որ առնվազն հրապարակային տեղեկություններից պարզ է դառնում, որ «անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և ներկայացվող մեղադրանքը եղել են միանգամայն անհիմն և ոչ իրավաչափ»։
«Ըստ լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության Ա․Հ․-ն ՀՀ Քննչական կոմիտե է տարվել նախընտրական պաստառ պոկելու համար, որը ՀՀ Քննչական կոմիտեի կողմից որակվել է որպես՝ քարոզչության խոչընդոտում, այն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նախընտրական պաստառը վնասելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․11 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված առավելագույն պատիժը 100,000 դրամ տուգանքն է։ Ընդ որում այս տուգանքը նախատեսվում է այն դեպքում, երբ քարոզչական պաստառը փակցված է դրա համար առանձնացված տարածքում։
Ըստ հրապարակումների, ձերբակալված անձանց պահման վայրում Ա․Հ․-ի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ և նա կանչով եկած շտապօգնության բժշկի ցուցումով տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ժամեր անց Ա․Հ․-ն ինքնասպան է եղել։
Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգիչ է համարում իրավապահ մարմինների անհամաչափ և ոչ իրավաչափ գործողությունները, որոնք հագեցրել են պետության անմիջական հսկողության տակ գտնված անձի մահվանը և պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից իրականացնել անհապաղ, արդյունավետ ու ամբողջական քննություն, մահվանը հասցրած բոլոր հանգամանքները բացահայտելու, իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու քաղաքացու մահվան մեջ մեղավոր պաշտոնատար անձանց»,- ասված է հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է գնահատել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքը՝ շեշտադրելով պետության պատասխանատվության հարցը։ Նա պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից:





