AM
19 Մայիս 2026 - 14:44 AMT

«One Run-Puma» կիսամարաթոնն այս անգամ կանցկացվի Հրազդանի կիրճում

«One Run-Puma» միջազգային կիսամարաթոնը Երևանում կանցկացվի մայիսի 23-ին, սպասվում է, որ կմասնակցի ավելի քան 1000 մարդ։ Այս մասին ասուլիսում հայտնել է միջոցառման կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ այս տարի վազքը չի անցկացվի Երևանի կենտրոնական փողոցներով, ինչպես նախորդ տարիներին, այլ կտեղափոխվի Հրազդանի կիրճ՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքում նախապատրաստվում են մայիսի 28-ին նախատեսված Առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված զորահանդեսին։

«Վերջին 3 տարում կիսամարաթոնն անցկացվում էր Երևանի կենտրոնում, մեկնարկում էր Հանրապետության հրապարակից, այնուհետև անցնում Աբովյան, Իսահակյան փողոցներով և այլն։ Մեր վազորդները մայրաքաղաքի կենտրոնում անցնում էին 5 կմ-անոց 4 շրջան։ Այս տարի մենք կսկսենք Բարբյուսի փողոցի 52/1 հասցեից՝ «Ֆլորենս» ռեստորանից ոչ հեռու, ապա նախատեսվում է ուղիղ գծով 2․5 կմ, այնուհետև շրջադարձ և վերադարձ մեկնարկային կետ: 4 շրջան կիսամարաթոնի համար, 1-ը` 5 կիլոմետր, 2-ը՝ 10 և այլն: Այս տարի մենք ստիպված ենք մեր վազքը տեղափոխել Հրազդանի կիրճ, հուսով եմ՝ հաջորդ տարի կվերադառնանք Երևանի կենտրոնով անցնող մեր ավանդական երթուղիներին», – ասել է Գևորգյանը։

Նա նշել է, որ Երևանում անցկացվող կիսամարաթոններին մասնակցում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլև օտարերկրացիներ։ Նրա խոսքով՝ նախորդ տարիների հաղթողների թվում եղել են նաև Ռուսաստանից տեղափոխված մասնակիցներ։ Գևորգյանը հավելել է, որ այս օրերին քարոզարշավ իրականացնող քաղաքական ուժերը ևս կարող էին ներգրավվել միջոցառմանը, քանի որ այն կարող էր ծառայել թե՛ առողջ ապրելակերպի խթանման, թե՛ ընտրողների ուշադրությունը գրավելու նպատակին։

«Կոնցեպտ Իվենթս» ընկերության մենեջեր Օլյա Գևորգյանն իր հերթին հայտնել է, որ այս տարի վազքի սիրահարներ են ժամանելու ԱՄԷ-ից և ԱՄՆ-ից՝ հատուկ կիսամարաթոնին մասնակցելու նպատակով։ Նա նաև նշել է, որ մրցմանը սովորաբար մասնակցում են գրեթե հավասար թվով տղամարդիկ և կանայք, սակայն հայկական մասնակիցների մեծ մասը տղաներ են, մինչդեռ արտասահմանցիների շրջանում գերակշռում են աղջիկները։

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ մասնակիցներին չի հաջողվի խախտել կանոնները, քանի որ նրանց տրամադրվում են հատուկ չիպերով մեկնարկային համարներ, որոնք ավտոմատ կերպով գրանցում են մեկնարկի և ավարտի միջև անցած տարածությունը։

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով և հովանավորների կողմից տրամադրված արժեքավոր նվերներով։ Իսկ 21,. կմ մրցատարածության հաղթողը կստանա գլխավոր մրցանակը՝ Ստեփանավանի «Dream Park»-ում հանգստի նվեր-քարտ։

Մասնակցության համար գրանցվել հնարավոր է առցանց։ Մինչև 16 տարեկան երեխաները հնարավորություն կունենան վազել մինչև 1 կմ տարածություն։ Մյուս տարիքային խմբերի համար սահմանափակումներ նախատեսված չեն։ Մասնակիցները կհավաքվեն մայիսի 23-ին՝ ժամը 08։00-ին, 08։30-ին կմեկնարկի նախավարժանքը, 09։00-ին կսկսվի երեխաների մրցումը, իսկ 09։30-ին՝ մյուս մասնակիցներինը։ Նախորդ տարիների փորձից ելնելով՝ կիսամարաթոնը կտևի մոտ 2.5 ժամ։

Կիսամարաթոնն առաջին անգամ անցկացվել է Ռուսաստանում, որտեղ այս տարի այն կանցկացվի արդեն հոբելյանական՝ 10-րդ անգամ։ 2023 թվականին վազքին առաջին անգամ միացել էր 5 երկիր, մինչդեռ այս տարի մասնակից երկրների թիվը հասել է 38-ի։ Ընդհանուր առմամբ միջազգային կիսամարաթոնին կմասնակցի ավելի քան 250 հազար մարդ։