Մայիսի 19-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հնարավորություններին, տեխնիկական լուծումներին և գործառնական բաղադրիչներին վերաբերող հարցեր։
Քննարկմանը մասնակցել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, ինչպես նաև գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ընդգծվել է, որ e-gate համակարգի կիրառումը հնարավորություն կտա ավտոմատացնել սահմանային վերահսկողության գործընթացը, նվազեցնել քաղաքացիների սպասարկման ժամանակը և կատարելագործել նույնականացման մեխանիզմները։
Նշվել է նաև, որ համակարգի միջոցով հնարավոր կլինի կենսաչափական նույնականացումն իրականացնել ավտոմատ եղանակով։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համակարգի տեխնիկական սպասարկման և ծրագրային ապահովման հարցերին։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն տվյալների մշակման, ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչը հնարավորություն կտա արագացնել սահմանային հսկողության ընթացակարգերը։
Կարևորվել է միջգերատեսչական համագործակցության խորացումն ու սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։
Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել e-gate համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները։
2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը:





