AM
20 Մայիս 2026 - 13:30 AMT

ՀՀ-ն Կաննում 2027-ին կներկայանա 4 կարճամետրաժ ֆիլմով

Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։

Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց ապագա լիամետրաժ նախագծերը միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներին, hայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Հայտարարությունը հնչել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Իր ելույթում նա ընդգծել է «Քննադատների շաբաթվա» բացառիկ նշանակությունը համաշխարհային կինոյում և նոր ստեղծագործողների բացահայտման գործում։

«Հայաստանը Կաննում ներկայացված է արժանապատվորեն․ հայ կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմերի ընդգրկումից հետո Cannes Classics ծրագրում այս նոր հայտարարությունը մեզ համար ունի խորապես խորհրդանշական, նույնիսկ պատմական նշանակություն»,- նշել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ «Քննադատների շաբաթը» վաղուց դարձել է կինոյի տեսլականի միջազգային լաբորատորիա, իսկ Հայաստանի համար այդ նախաձեռնության մաս կազմելը մեծ պատիվ է։ Դանիելյանը նաև նշել է, որ Հայաստանը ցանկանում է աշխարհին պատմել տոկունության, հիշողության, խաղաղության, ազատության և մարդկային ինքնության մասին պատմություններ՝ ժամանակակից կինոյի լեզվով։

«Հաջորդ քայլը» (Next Step Studio) Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթվա» շարունակական միջազգային նախաձեռնություններից է, որն աջակցում է նոր սերնդի կինոգործիչներին՝ ստեղծագործական զարգացման, միջազգային մենթորության և կինոարդյունաբերության հետ կապերի ձևավորման գործում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել 8 ռեժիսորների՝ 4-ը Հայաստանից և 4-ը տարբեր երկրներից։ Նրանք զույգերով Հայաստանում կստեղծեն 4 կարճամետրաժ ֆիլմ՝ ներշնչված հայկական մշակույթից, իրականությունից և մարդկային պատմություններից։

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի» և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ։