Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։
Մայիսի 25-ին՝ ժամը 1։00-ից 03։00-ն, փակ է լինելու Արզնի օդանավակայան – Նոր Գեղի բնակավայր – Երևանյան խճուղի – Եղվարդի խճուղի – Երևանի Հալաբյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը, իսկ ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց ճանապարհահատվածը։ Աթենքի փողոցը փակ է մնալու մինչև մայիսի 28-ը՝ միջոցառման ավարտը։
Ժամը 1։30-ից 07։00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում, իսկ ժամը 3։00-ից 07։00-ն փակ է լինելու Ամիրյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը։ Ժամը 2։00-ից 3։00-ն փակ է լինելու նաև Շահումյան հրապարակից Խորենացու փողոց – Ագաթանգեղոսի փողոց հատվածը։
Մայիսի 26-ին՝ ժամը 7։00-ից 15։00-ն, սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյանի փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը։
Ժամը 10։00-15։00-ն փակ է լինելու Քրիստափորի փողոց – Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկը, ինչպես նաև Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը։
Մայիսի 28-ին՝ ժամը 07։00-ից 15։00-ն, փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները:
Իսկ Հանրապետության հրապարակ – Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ հատվածը փակ է մնալու մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։





