AM
21 Մայիս 2026 - 12:29 AMT

Վարորդականից զրկվածներին վերաբերող նախագիծը դրվել է հանրային քննարկման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վկայականները վերականգնելու վերաբերյալ արդեն դրվել է հանրային քննարկման: Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը, հայտնում է Sputnik Արմենիան:

Մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում առաջարկ էր արել իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չհանձնել այդ իրավունքը վերականգնելու համար, սակայն ունենալ ավելի քիչ բալեր։

Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումը իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումը առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։

«Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը։ Արդյունքում զրկման ժամկետի ավարտից հետո վարորդներին 13-ի փոխարեն 6 տուգանային միավոր կտրամադրվի, ինչպես նաև 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։ Վարորդները պետք է այդ ժամանակ նաև սահմանված պետական տուրք վճարեն` 50 000 դրամ։ Երկրորդ կամ հաջորդ անգամ վարելու իրավունքից զրկվելու դեպքում վարելու իրավունքը հնարավոր կլինի վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո»,– ասված է նախագծում։

6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

Միաժամանակ առաջարկվել է սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ կրկին 1 տարվա փորձաշրջանով։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ-ում հայտնել էր, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որից 90.1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։