AM
22 Մայիս 2026 - 13:30 AMT

ԳԹԿ․ 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ ոք չի դիմել

Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար այս փուլում որևէ դիմորդ չի գրանցվել, հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։ Նա ներկայացրել է բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրման արդյունքները։

«Կառավարության կողմից այս տարվա համար հաստատվել է 2133 անվճար և 10,587 վճարովի տեղ։ Նախորդ տարի եղել է 2142 անվճար և 9998 վճարովի տեղ։ ԳԹԿ–ում հայտագրվել է 16,482 դիմորդ, որոնց քննությունները կազմակերպվելու են 49 միասնական քննական կենտրոնում»,– ասել է Նասիբյանը, գրում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ ամենաշատ դիմորդներ ունի Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ երրորդ հորիզոնականը կիսում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

Ըստ պահանջարկի՝ հաջորդում են Երևանի պետական բժշկական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանը և այլ բուհեր։

Նասիբյանը նշել է նաև, որ ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը նախորդ տարվա համեմատ փոփոխության չի ենթարկվել։

Մեկ տեղի հաշվարկով ամենաշատ դիմորդներն ունի Երևանի պետական բժշկական համալսարանի «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 2.9 դիմորդ։ Երկրորդ տեղում նույն բուհի «Բուժական գործ» մասնագիտությունն է՝ 2.3 դիմորդ, երրորդում Երևանի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտությունն է՝ 2.1 դիմորդ, իսկ չորրորդում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությունը՝ 2 դիմորդ։ Միաժամանակ ամենապահանջված 10 մասնագիտություններից 5-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն են։

ԳԹԿ փոխտնօրենը տեղեկացրել է նաև, որ 22 բուհի 53 մասնագիտություն ունի ընդամենը մեկական դիմորդ, իսկ 31 բուհի 119 մասնագիտության համար այս փուլում դիմորդ չի եղել։ Նա չի հստակեցրել բուհերի անունները՝ նշելով, որ հնարավոր է ընդունելության երրորդ փուլում այդ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն ձևավորվի։