System of a Down ռոք խմբի երևանյան համերգը շարունակում է մնալ օրակարգում, սակայն դրա անցկացման ժամկետները դեռ կհամաձայնեցվեն խմբի հետ, հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում:
«SOAD-ի համերգի հետ կապված. մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը, և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։ Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները», – գրել է նա։
Ավելի վաղ System of a Down ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հերքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ խումբը համերգ կունենա Երևանում հուլիսին:
«SOAD-ը Երևանո՞ւմ։ Սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա։ Մենք պլանավորում էինք համերգ ունենալ այս տարվա հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել այն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով։ Մենք դրա մասին կհայտարարենք, երբ պարզ լինի նոր ժամկետը»,- գրել է Թանկյանը։
Վարչապետը համերգի մասին ասել էր քարոզարշավի ժամանակ։
System of a Down-ի նախորդ համերգը Երևանում եղել է 2015 թվականին Հանրապետության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:





