Մայիսի 29-30-ին հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։Այդ մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Մինչև մայիսի 28-ի երեկոն պահպանվելու է տաք և առանց տեղումների եղանակ:
Մայիսի 28-ի ուշ երեկոյան ժամերից, մայիսի 29-ին և 30-ին Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի պատճառով այդ օրերի առաջին կեսում սպասվելու են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Հանրապետության տարածքում մայիսի 28-ի ցերեկը և 31-ի գիշերը առանձին շրջաններում, իսկ մայիսի 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվելու են կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը և 31-ի ցերեկը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին լինելու է հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվելու է ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-28-ին բարձրանալու է 3-5 աստիճանով, իսկ մայիսի 29-30-ի ցերեկային ժամերին նվազելու է 6-10 աստիճանով։
Երևանում մայիսի 28-ի երեկոյան, ինչպես նաև 29-30-ին օրվա ընթացքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվել է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը և 31-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սուրենյանը հայտնել է, որ մայիսի 31-ին և հունիսի 1-ին տեղումները կրկին դադարելու են, իսկ օդի ջերմաստիճանը վերականգնելու է նախկին ցուցանիշները՝ բարձրանալով նույն չափով, որքան նվազել էր։





