AM
27 Մայիս 2026 - 09:39 AMT

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները կստանան լրացուցիչ վճարումներ

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցած զինծառայողները կարող են կրկնակի պարգևատրումներ ստանալ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

Նման հնարավորություն նախկինում ևս նախատեսված էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, իսկ այժմ այն հաստատվել է նաև կառավարության որոշմամբ, հայտնում է Sputnik Արմենիան:

Գործող ծրագրով ժամկետային զինծառայողը, ծառայելով 6 ամիս, կարող է կնքել 5 տարվա պայմանագիր, որի ավարտից հետո ստանալ 5 մլն դրամ պարգևատրման վճար՝ ծառայության տարիներին ստացած աշխատավարձից բացի։ Այսօրվա որոշմամբ պայմանագիրը հնարավոր կլինի կնքել ոչ միայն 5 տարով, այլև 2 տարով:

ԱԺ-ի ընդունած նախագծով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը երկարաձգվելու են ևս 2 և 5 տարով։ Նոր փոփոխության արդյունքում շահառուները ստանալու են 2 տարվա համար 1․5 մլն դրամ, իսկ ևս 5 տարի ծառայելու դեպքում՝ 5 մլն դրամ պատվովճար։ Այսինքն՝ 10 տարվա հանրագումարով նրանք ստանալու են 10 մլն դրամ պատվովճար։

Այս պահին ծրագրի շահառու է մոտ 6000 ծառայող։ Միայն ամառային զորակոչից արդեն կա 906 դիմում։