AM
27 Մայիս 2026 - 13:17 AMT

Թանգարանների աշխատակիցների աշխատավարձը ատեստավորման արդյունքում կբարձրանա

Հայաստանի թանգարանների աշխատակիցները ատեստավորման արդյունքում կարող են աշխատավարձի բարձրացում ունենալ: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ այս տարվա հուլիսից ակնկալվում է թանգարանային աշխատողների միջին աշխատավարձի 57 տոկոս աճ՝ ամսական մինչև 200 հազար դրամ, հայտնում է Sputnik Արմենիան:

Այսպիսով, ըստ նրա, աշխատակիցներից շատերը կարողանալու են օգտվել համընդհանուր բժշկական ապահովագրությունից, քանի որ այս տարվանից այն գործում է ամսական առնվազն 200 հազար դրամ եկամուտ ունեցող անձանց համար։

Նախարարը նշել է, որ վերջին 5 տարվա ընթացքում թանգարաններ այցելությունները աճել են 40 տոկոսով, իսկ 2025 թվականին այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 353 հազար՝ առանց «Թանգարանային գիշեր» միջոցառման հաշվարկի։ Այդ օրը, ԿԳՄՍՆ տվյալներով, թանգարաններ անվճար այցելել է մոտ 200 հազար մարդ։

Անդրեասյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին զգալիորեն աճել են նաև թանգարանների սեփական եկամուտները․ 2022 թվականին դրանք կազմել են 770 մլն դրամ, իսկ 2025 թվականին՝ 1 մլրդ 63 մլն դրամ։

Նախարարությունում կարծում են, որ թանգարանների աշխատակիցների համար նախատեսված այս լրացուցիչ մոտիվացիան հետագայում ևս նպաստելու է ցուցանիշների աճին։