AM
28 Մայիս 2026 - 10:37 AMT

Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Էջմիածնի Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք։

Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար։

Ավելի վաղ կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելել է Սարդարապատի հուշահամալիր։

Հուշակոթողի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո հոգևորականաց դասը Հայոց Հայրապետի առաջնորդությամբ աղոթք է բարձրացրել առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար։

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայրենազրկումից, ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը երեք տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանական կռիվներ մղել, հաղթել և ստեղծել պետություն: