AM
29 Մայիս 2026 - 12:47 AMT

Քաղաքապետարան․ Վարորդները չեն կարող պահանջել վերադարձնել կայանման վճարները

Մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ վարորդները կարող են Երևանի քաղաքապետարանից պահանջել վերադարձնել 2025 թվականին վճարովի կայանատեղիների համար վճարված գումարները, իրավական հիմք չունի, հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։

«Վարչական դատարանի վարչական գործով 2025 թվականի մայիսի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի, իսկ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը մերժվել է:

Սա նշանակում է, որ հանրությանը և լրագրողական համայնքին հետաքրքրող փոխհատուցման հարց առհասարակ չի կարող քննարկվել, քանի որ այդ մասով, կրկնենք, դատարանը մերժել է «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը:

Ավելին՝ Վարչական դատարանի որոշումը վերաբերում է բացառապես Ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 265-Ն որոշմանը, այսինքն՝ 2025–ի համար սահմանված կայանման վճարներին և դատական ակտի բովանդակային վերլուծությունը վկայում է, որ Ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերի մասին» որոշմամբ սահմանված ավտոկայանման վճարների դրույքաչափերը վերանայելու հիմքեր չկան»,- գրել է Կարապետյանը։