AM
30 Մայիս 2026 - 08:51 AMT

ՀՀ-ն ՄԱԿ-ում ներկայացրել է «Կրթություն հանուն խաղաղության» նախաձեռնությունը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկման ընթացքում վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ՄԱԿ Կանոնադրության հիմնարար սկզբունքներին՝ կարևորելով տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը և վեճերի խաղաղ ճանապարհով կարգավորումը։

Նա նաև ներկայացրել է Հայաստանի կողմից նախաձեռնված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի նախագիծը, որն ուղղված է խաղաղ և ներառական հասարակությունների ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացրել են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

Իր ելույթում, ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնանշել է, որ հարաճող աշխարհաքաղաքական լարվածության և վստահության նվազման պայմաններում առանցքային նշանակություն ունի վերահաստատել հանձնառությունը ՄԱԿ Կանոնադրության հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ իրավահավասարությունը, պետությունների տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հանդեպ հարգանքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, և վեճերի խաղաղ կարգավորումը երկխոսության, միջնորդության և դիվանագիտության միջոցով։

Անդրադառնալով կանխարգելիչ դիվանագիտության առաջմղման անհրաժեշտությանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է հանուն խաղաղության կրթության դերակատարությունը փոխադարձ ընկալման, հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ամրապնդման համատեքստում, միևնույն ժամանակ՝ պայքարելով բռնության, այլատյացության և ատելության դեմ։

Նշվել է, որ Հայաստանը նախաձեռնել և ներկայացրել է «Կրթություն հանուն խաղաղության» խորագրով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ՝ խաղաղ, արդար և ներառական հասարակությունների ամրապնդման համար կրթության ամբողջ ներուժի բացահայտմանը միտված միջազգային ջանքերի մեկտեղման նպատակով: