AM
1 Հունիս 2026 - 10:02 AMT

Կենդանաբանական այգին կընդլայնվի, կունենա նաև 2-րդ մուտք

Կենդանաբանական այգուն է միացվել 13 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 3 հողամաս: Այդ մասին հայտարարել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը գործակարգավարական նիստում:

Նախատեսվում է, որ ընդլայնվելուց հետո այգին կունենա 2-րդ մուտք, որից կկարողանան օգտվել Գյուրջյան և Մասիվ, Ավան թաղամասերի բնակիչները, հայտնում է Factor.am-ը:

«Ընդ որում, այս պահին իրականացվում են պահեստային շինությունների տեղադիրքը և դրանց շինարարական աշխատանքները, որոնք արդեն ավարտական փուլում են։ Ուստի այստեղ միացված տարածքը հնարավորություն է տալու վարչական աշխատակազմի համար առանձին ծառայողական մուտք ապահովելու, ինչը որոշ չափով բեռնաթափելու է Մյասնիկյանից մուտքը։ Այստեղ հնարավորություն կլինի արդեն Նոր Նորքից մուտք գործել, և վարչական անձնակազմը կսպասարկվի այս մուտքով»,- ասել է նա։

Հայկազյանի խոսքով՝ ավտոկայանատեղու կառուցման նպատակով ուսումնասիրվում է միջազգային փորձը, քանի որ տվյալ հատվածը հարում է ձորակին։

«Այսպիսի ռելիեֆ ունեցող տարածքներում մուտք ապահովելու համար սովորաբար օգտագործվում են կամ վերելակներ, կամ աստիճանավանդակներ, և այս պահին ուսումնասիրում ենք դրանց իրագործելիությունը։ Սա կծառայի որպես երկրորդ մուտք կենդանաբանական այգու համար։ Այսպիսով՝ Գյուրջյան և Մասիվ, Ավան թաղամասերի բնակիչները կկարողանան արդեն ոչ թե Մյասնիկյանի մուտքից օգտվել, այլ այս մուտքից օգտվել»,- ասել է Հայկազյանը։

Կենդանաբանական այգին հիմնվել է 1940 թ.: Ճարտարապետներն են Գրիգոր Աղաբաբյանը, Բաբկեն Հակոբյանը, Սպարտակ Կնտեղցյանը: Գլխավոր մուտքը Մյասնիկյան պողոտայի կողմից է՝ կառուցված Գրիգոր Աղաբաբյանի նախագծով:2022 թ. հուլիս ամսվա տվյալներով կենդանաբանական այգու 35 հա տարածքի վրա պահվում են Հայաստանում, Կովկասյան տարածաշրջանում և տարբեր մայրցամաքներում բնակվող կենդանիների ու թռչունների 126 տեսակ (707 գլուխ): Դրանց մի մասը գրանցված է Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, մի մասն էլ՝Հայաստանի Կարմիր գրքում։