AM
2 Հունիս 2026 - 08:08 AMT

Առաջին դասարանցիների առցանց գրանցման կարգում կատարվել են փոփոխություններ

Առաջին դասարան ընդունվող երեխաների հայտագրման առցանց համակարգում այս տարի իրականացվել են մի շարք փոփոխություններ, որոնք նպատակ ունեն բարելավել համակարգն ու հեշտացնել գործընթացը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Առաջին դասարան հաճախող երեխայի հայտագրման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ունենալ հաշիվ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ գրանցվելով հարթակում:

Ինչպե՞ս գրանցվել

Էլեկտրոնային ստորագրություն ունեցող քաղաքացիները կարող են նույնականացվել «Ես եմ» ազգային հարթակի միջոցով։ Կայքում ներկայացվել են մուտք գործելու անհրաժեշտ քայլերը։

My.emis.am հարթակից անհրաժեշտ է անցում կատարել «Ես եմ» ազգային հարթակ՝ սեղմելով համապատասխան կապույտ կոճակը, այնուհետև ընտրել «Շարունակել» տարբերակը։ Բացված էջում պետք է ընտրել նույնականացման եղանակը՝ բջջային նույնականացման քարտով կամ նույնականացման քարտով։ Վերջին տարբերակի դեպքում պարտադիր է ունենալ քարտ ընթերցող սարք։

Բջջային նույնականացման քարտի դեպքում անհրաժեշտ է մուտքագրել այն հեռախոսահամարը, որով ակտիվացվել է էլեկտրոնային ստորագրությունը, ապա սեղմել «Մուտք» կոճակը։ Դրանից հետո էկրանին ցուցադրվում է տեղեկություն այն մասին, որ բջջային սարքում անհրաժեշտ է մուտքագրել PIN կոդը։ Հեռախոսի էկրանին բացված դաշտում պետք է հավաքել էլեկտրոնային ստորագրության վեցանիշ կոդը և հաստատել գործողությունը։

Դրանից հետո էջը թարմացվում է, և արտացոլվում են օգտատիրոջ տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի համարը և գրանցման հասցեն։ Անհրաժեշտ է նշել նաև կոնտակտային հեռախոսահամարը և պահպանել տվյալները։

Ի՞նչ անել, եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն. պետք է ստեղծեք հաշիվ

Եթե քաղաքացին չունի էլեկտրոնային ստորագրություն, պետք է ստեղծի հաշիվ։ Այդ նպատակով my.emis.am հարթակի գլխավոր էջում անհրաժեշտ է ընտրել «Ստեղծել հաշիվ» հղումը։ Բացված էջում պետք է մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն, ստեղծել գաղտնաբառ և կրկնել այն։

Համակարգը տեղեկացնում է, որ գաղտնաբառը պետք է պարունակի առնվազն ութ նիշ, ներառյալ մեկ փոքրատառ, մեկ մեծատառ և մեկ հատուկ նշան։ «Ես ռոբոտ չեմ» դաշտը լրացնելուց հետո պետք է սեղմել «Ստեղծել իմ հաշիվը» կոճակը։

Այնուհետև ցուցադրվել է հաղորդագրություն հաշվի ակտիվացման անհրաժեշտության մասին։ Էլեկտրոնային փոստին ուղարկվել է նամակ ԿՏԱԿ-ից, որտեղ առկա «Ակտիվացնել» կոճակը սեղմելուց հետո օգտատերը վերադարձվել է my.emis.am հարթակ, որտեղ հաստատվել է հաշվի ակտիվացումը։

Հաջորդ քայլով անհրաժեշտ է մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։ Համակարգը մեկանգամյա վեցանիշ գաղտնաբառ է ուղարկել էլեկտրոնային փոստին, որը պետք է մուտքագրել և հաստատել։

Դրանից հետո անհրաժեշտ է նույնականացվել։ Դրա համար պետք է բացել «Անձնական տվյալներ» բաժինը և ընտրել «ԵսԵմ նույնականացում» տարբերակը՝ անցնելով նույն քայլերով, որոնք կիրառվել են «Ես եմ» հարթակով գրանցվելիս։

Հնարավոր է նաև հրաժարվել այդ տարբերակից և անձնական տվյալները լրացնել ձեռքով՝ նշելով ՀԾՀ-ն, անունը, ազգանունը և ծննդյան ամսաթիվը։ Համակարգը ստուգում է տվյալների համապատասխանությունը Բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվության հետ և հաջող նույնականացման դեպքում ցուցադրում համապատասխան հաղորդագրություն։

Պետք է նշել նաև կոնտակտային հեռախոսահամարը և պահպանել տվյալները՝ ավարտելով նույնականացման գործընթացը։ Մինչև հունիսի 8-ը որևէ այլ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չկա:

Ինչպե՞ս սկսել հայտագրումը

Երեխային առաջին դասարան հայտագրելու համար նախ պետք է գրանցվել և նույնականացվել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում։ Դրանից հետո գլխավոր էջից անհրաժեշտ է անցնել առաջին դասարանցիների հայտագրման բաժին։

Համակարգը նախ ստուգում է տվյալները, որից հետո բացվել է երեխայի հայտագրման էջը։ Եթե երեխայի տվյալները հայտնաբերվել են, ցուցադրվում են անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան ամսաթիվը։ Առաջնահերթության առկայության դեպքում համակարգը նշում է նաև առաջին փուլով տվյալ դպրոցում հայտագրվելու հնարավորությունը։

Այնուհետև անհրաժեշտ է սեղմել «Սկսել հայտագրումը» կոճակը, ընտրել ուսուցման լեզուն՝ հայերեն կամ ռուսերեն, և անցնել հաջորդ փուլ։

Եթե երեխան ունեցել է առաջնահերթություն, ցուցադրվում են այն դպրոցի տվյալները, որտեղ աշխատում է ծնողը կամ սովորում են երեխայի քույրը կամ եղբայրը։ Եթե այդ դպրոցները տարբեր են եղել, համակարգը ներկայացնում է երկու դպրոցների տվյալները, ինչպես նաև առաջին դասարաններում առկա ընդհանուր և ազատ տեղերի քանակը։

Դպրոցը ընտրելուց հետո պետք է սեղմել «Հայտագրել» կոճակը, ինչից հետո համակարգը հաստատում է, որ երեխան հաջողությամբ հայտագրվել է։

Ի՞նչ անել, եթե չի հայտանաբերվել երեխայի հայտագրման առաջնահերթությունը

Հնարավոր է՝ ստուգումից հետո երեխայի տվյալները հայտնաբերվեն, սակայն առաջնահերթությունը՝ ոչ։ Այդ դեպքում էջում կերևան երեխայի տվյալները, սակայն կգրվի, որ հայտագրումը կարելի է իրականացնել 2-րդ փուլով։ Նշված կլինի նաև, թե երբ է մեկնարկում այդ փուլի հայտագրումը։

Եթե Ձեր երեխան ունի առաջնահերթություն, մասնավորապես՝ դպրոցում սովորող քույր/եղբայր, բայց առաջնահերթության մասին նշում առկա չէ, ծնողը կարող է ձեռքով մուտքագրել արդեն իսկ դպրոցում սովորող երեխայի տվյալները։

Այս դեպքում պետք է սեղմել «Իմանալ ավելին և ստուգել տվյալները» կոճակը։ Պետք է անցնել «Մուտքագրել դպրոցում սովորող երեխայի տվյալները» ակտիվ հղումով, տեղափոխվել դպրոցահասակ քրոջ կամ եղբոր տվյալների մուտքագրման էջ, լրացնել բոլոր դաշտերն ու հետևել հրահանգներին։

Եթե առաջնահերթություն առկա չէ, և արդեն մեկնարկել է 2-րդ փուլը, տվյալների ստուգումից հետո պետք է սեղմել «Սկսել հայտագրումը» կոճակը։

Բացված էջում պետք է ընտրել ուսուցման լեզուն՝ «Հայերեն»։

Եթե երեխան առաջնահերթություն չունի, ինչպե՞ս հայտագրել

Եթե երեխան առաջնահերթություն չունի, նրա հայտագրումն իրականացվում է 2-րդ փուլով՝ միայն հայերենով ուսուցման համար, ուստի անհրաժեշտ է ընտրել հայերենով ուսուցում տարբերակը և սեղմել «Հաջորդ» կոճակը։

Կբացվի դպրոցն ընտրելու էջը․ կարելի է որոնում կատարել նախընտրած դպրոցի համարով կամ անվանումով կամ ֆիլտրել դպրոցները՝ ըստ մարզի և տարածաշրջանի։

Դպրոցն ընտրելուց հետո պետք է սեղմել նշված դպրոցի տվյալների ներքևում գտնվող «Հայտագրել» կոճակը։ Էջը կթարմանա, և կերևա հաղորդագրություն այն մասին, որ երեխան հաջողությամբ հայտագրված է։

Ինչպե՞ս հայատագրել ռուսերենով ուսուցմամբ դասարաններում

3-րդ փուլով՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրման համար անհրաժեշտ է իրականացնել նույն քայլերը, ինչ 2-րդ փուլով հայտագրվելիս․ ուսուցման լեզվի էջում հասանելի կլինեն ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցման տարբերակները (այս դեպքում պետք է ընտրել «Ռուսերեն» տարբերակը)։

Ի՞նչ է անհրաժեշտ անել հայտագրումից հետո

Ուշադրություն․ երեխային հաջողությամբ հայտագրելուց հետո անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ ներկայացնել դպրոցի տնօրենին ուղղված դիմումը՝ ծնողի կողմից ստորագրված, հակառակ դեպքում հայտագրումն ինքնաշխատ կերպով կչեղարկվի։

Դիմումն ուղարկելու համար պետք է սեղմել «Դիտել և ստորագրել դիմումը» կոճակն ու հետևել հրահանգներին։

Հայտագրումից հետո կարող եք նաև չեղարկել հայտը։ Եթե արդեն ներկայացրել եք նաև տնօրենին ուղղված դիմումը, ապա չեղարկելու համար կպահանջվի նաև առանձին դիմում՝ էլեկտրոնային ստորագրությամբ։

Ի՞նչ անել, եթե տվյալների ստուգումից հետո երեխայի տվյալները չեն հայտնաբերվել

Հնարավոր է, որ տվյալների ստուգումից հետո երեխայի տվյալները չհայտնաբերվեն։ Էկրանին կպատկերվի այդ մասին հաղորդագրություն։ Այդ դեպքում պետք է տվյալները մուտքագրել ձեռքով։

Պետք է սեղմել «Սկսել տվյալների մուտքագրումը» կոճակը, լրացնել երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ՀԾՀ-ն, ծննդյան ամսաթիվը և ստուգել տվյալները։

Էջը կթարմանա։

Եթե մուտքագրված տվյալներում լինի անճշտություն, ապա կարմիր դաշտում գրված կլինի, որ Բնակչության պետական ռեգիստրում նման տվյալներով անձ չի գտնվել։

Հնարավոր է, որ ստուգումից հետո հայտնաբերվի տվյալների համադրման խնդիր։ Այդ դեպքում կգրվի, որ համակարգը չի կարողացել հաստատել Ձեր ծնողական կապն առաջին դասարան ընդունվող երեխայի հետ։

Տվյալների ճշգրտման համար պետք է սեղմել համանուն կանաչ կոճակը, բացված էջում ընտրել երեխայի ծնունդը գրանցած ՔԿԱԳ սպասարկման կենտրոնը, կցել ծննդյան վկայականը և սեղմել «Հաջորդ» կոճակը։

Կբացվի երեխայի տվյալների մուտքագրման էջը, որտեղ պետք է լրացնել բոլոր դաշտերը և ուղարկել հարցումը։

Էջը կթարմանա, և կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ հարցումն ընդունված է։

5 աշխատանքային օրվա ընթացքում մասնագետները կուսումնասիրեն հարցումը և կթարմացնեն տեղեկատվությունը։ Տվյալների հաստատումից հետո կարող եք համակարգում շարունակել հայտագրման գործընթացը։