Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովման հետ կապված հարցերը։ Այդ մասին ասվում է կառույցի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս սույն թվականի մայիսի 19-ին այց էին իրականացրել ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով
Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցից և չի ներկայացրել իր իրավունքներին վերաբերող հարցերը։ Այդ պատճառով բացակայել է նաև նրա համաձայնությունը՝ քննարկվող հարցին առնչվող ծավալով անձնական տվյալների հավաքագրման համար։
Հաշվի առնելով, որ հարցի ուսումնասիրությունը սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, իսկ բարձրացված խնդիրների հասցեագրումը կարևոր է նաև համակարգային բնույթի խնդիրների բացահայտման և դրանց լուծումների մշակման տեսանկյունից, ուսումնասիրվել են հարցին վերաբերող հրապարակային տեղեկությունները, ինչպես նաև ազատությունից զրկման վայրում անձի իրավունքների ապահովման վիճակը։
Քրեական վարույթ նախաձեռնելու և անձին ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել նաև իրավասու պետական մարմիններից։
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել՝ անդրադառնալով նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող չափանիշներին, անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության վերաբերյալ պատշաճ հանրային հաղորդակցության կարևորությանը, ինչպես նաև ազատությունից զրկելու իրավական չափանիշներին։
Այս փուլում ևս Օսիպյանի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի ուղղությամբ, ներառյալ՝ հացադուլի հետևանքով նրա իրավունքների ապահովման մասով, Պաշտպանի մանդատի շրջանակում իրականացվում են անհրաժեշտ այնպիսի գործողություններ, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության պայմաններում։
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ընդգծել է, որ համակարգային տեսանկյունից կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ, և այդ խափանման միջոցը կիրառվում է չափազանց հաճախ՝ մի շարք դեպքերում ոչ հստակ տրամաբանությամբ։
Պաշտպանը շեշտել է, որ կալանքի անհրաժեշտության հարցը, իրավական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ, յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է պարբերաբար վերանայվի, իսկ այն դեպքերում, երբ բացակայում են կամ վերացել են անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերը, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի։
Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների և հացադուլի ընթացքի պատշաճ վերահսկողության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձ է կատարել արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ամենամյա գործունեության վերաբերյալ զեկույցներում։
Հաշվի առնելով, որ հացադուլը կարող է վտանգներ առաջացնել անձի կյանքի և առողջության պահպանման իրավունքների համար, Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հետևել Արթուր Օսիպյանի պահման պայմաններին, առողջական վիճակին վերաբերող երաշխիքների ապահովմանը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից համապատասխան պարտավորությունների կատարմանը։
«Նոր հրապարակային տեղեկությունների առկայության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ մի շարք հասարակական կազմակերպություններ և իրավապաշտպաններ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ կոչ անելով դիմել ՀՀ կառավարությանը և պահանջել անհապաղ ազատ արձակել քաղաքացիական-քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանին: Նշվում է, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու կալանքը քաղաքական շարժառիթներ ունեն:





