Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։
«Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։
Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը։ Դրա վառ ապացույցն ամբողջ հանրապետությունում իրականացվող դպրոցաշինության և նախադպրոցական հաստատությունների կառուցման ու վերակառուցման լայնածավալ ծրագրերն են։
Ցավալի է, որ կրթության ոլորտը շահարկվում է հասարակության շրջանում անհիմն անհանգստություն առաջացնելու նպատակով։
Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրներով։ Նախարարությունը շարունակելու է հանրությանը տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ։





