AM
5 Մայիս 2010 - 14:04 AMT

Խաչատուր Աբովյանի մասին ֆիլմը նկարահանվում է Արարատի երկու կողմից

Երևանում նկարահանվում է Խաչատուր Աբովյանի մասին էստոնական վավերագրական ֆիլմ: Այն իրականացնում է Vesilind պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Ռիո Վեստրիկն իր խմբով:

Նկարահանման աշխատանքները կատարվում են երեք երկրներում` Հայաստանում, Թուրքիայում և Էստոնիայում: Ռիո Վեստրիկը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է, որ նկարահանող խումբը շրջում է այն բոլոր տեղերով, որտեղ եղել է գրողը` սկսած ուսման տարիներից մինչև անհայտանալը:

Թուրքիայում աշխատանքներն արդեն ավարտվել են, ավարտին են մոտենում նաև Հայաստանում կատարվող նկարահանումները: Ֆիլմի համար նյութեր հավաքելու նպատակով նկարահանող խումբը եղել է Խոր Վիրապում, Էջմիածնում, մի քանի անգամ այցելել է գրողի տուն-թանգարան և բոլոր այն վայրեր, որոնք կապված են Խաչատուր Աբովյանի հետ:

«Խաչատուր Աբովյանը Էստոնիայում հայտնի է շնորհիվ Ֆրիդրիխ Պարրոտի հետ ունեցած ծանոթության, Տարտուի համալսարանում սովորելու և իր հասարակական գործունեության», – ընդգծել է Ռիո Վեստրիկը: Ֆիլմը պատմում է ոչ միայն գրողի մասին, այլև Պարրոտի հետ նրա հարաբերությունների, Արարատ կատարած նրանց վերելքի մասին:

Vesilind կենտրոնն արդեն մի քանի վավերագրական ֆիլմ նկարահանել է էստոներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Այդ ֆիլմերից շատերը միջազգային մրցանակների են արժանացել ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Եվրոպայում: Խաչատուր Աբովյանի մասին ֆիլմի նկարահանումները կավարտվեն 2010 թ. ավարտին: