2010 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանի գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում կբացվի ֆրանսահայ նկարիչ Նաիրի Գրիգորյանի նկարների ցուցահանդեսը, որը կրում է «Վերադարձ» խորագիրը: Ցուցահանդեսը կգործի ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո:
Ըստ ֆրանսահայ նկարչի, մինչ օրս առիթ չէր ստեղծվել իր ցուցահանդեսը կազմակերպելու հայրենիքում, այն Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ. «Սակայն արդեն պահը հասունացել էր և ես իրականացնում եմ իմ երազանքը, այստեղ` Երևանում ներակայանալով իմ ցուցահանդեսով»:
Ցուցահանդեսին նկարիչը կներկայացնի փայտ-լևկաս տեխնոլոգիայով կատարված աշխատանքները: Այդ տեխնոլոգիայով առաջին աշխատանքներն ի հայտ են եկել 14-րդ դարում, նույն տեխնոլոգիայով աշխատանքներ են ստեղծել հայտնի նկարիչներ` Անդրեյ Ռուբլյովը, Ֆիոֆան Գրեգը և այլք:
«Աշխարհի շատ երկրներում ցուցահանդեսներին մասնակցելուց և անհատական ցուցահանդեսներ կազմակերպելուց հետո ես վերադարձել եմ այստեղ` իմ ծննդավայրում ևս ներկայանալու իմ անդրանիկ ցուցադրությամբ»,- ասել է Նաիրի Գրիգորյանը և հավելել, որ ցուցահանդեսից հետո նա կլինի Վանկուվերում (Կանադա)` այնտեղ աշխատելու և ցուցահանդես կազմակերպելու: «Այնուհետև 2011 թվականի փետրվարին Մոսկվայում կմասնակցի Բարեկենդանի տոնակատարությանը, որի ընթացքում կազմակերպվելիք «Մի նկարիր» ցուցահանդեսի ժամանակ կցուցադրվի «Բարեկենդան» ստեղծագործությունը»:
Արվեստագետը նաև նշել է, որ շրջագայություններից հետո նա պատրաստվում է որոշ ժամանակ հաստատվել հայրենիքում, այստեղ ստեղծագործելու և ևս մեկ անգամ նոր աշխատանքներով ներկայանալու հայ հասարակությանը: Նշենք նաև, որ աշխատանքային գործունեության ողջ ընթացքում Նաիրի Գրիգորյանը ստեղծել է ավելի քան 200 աշխատանք, որոնցից շատերը ցուցադրվելու են ՌԴ հայտնի պատկերասրահներում: Ցուցահանդեսի ժամանակ ցանկացողները կարող են նաև գնել ցուցադրվող աշխատանքներից:
Նաիրի Գրիգորյանը ծնվել է 1968 թ. հունվարի 27-ին, Երևան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստանալով Երևանի թիվ 119 դպրոցում, 1982-86 թթ. ուսանել է Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում: Ուսումնարանն ավարտելուց հետո 1988-90 թթ. ուսանել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (Գեղարվեստի ակադեմիա), որից անմիջապես հետո հրավեր ստանալով մեկնել է Ֆրանսիա: Նա մինչ օրս ապրում և ստեղծագործում է Փարիզում:
1994 թվականից Ն. Գրիգորյանը անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ նկարիչների միությանը: Ցուցահանդեսներ է կազմակերպել Փարիզում (1993 թ.), Մոսկվայում (1996 թ., 1997 թ.), Ցյուրիխում (2001 թ.), Փարիզում (2005 թ.), Մոսկվայում (2009 թ.) և այլն:





