Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ և Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Գրիգորյանը դարձել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Ա. Գրիգորյանի պարգևատրման արարողությունը կայացել է սեպտեմբերի 26-ին:
«Ինձ համար կրկնակի հաճույք է պարգև ստանալ իմ գործընկերներից, չէ որ այն շնորհում են անվանի թատերական գործիչները»,- ասել է նա սեպտեմբերի 28-ին մամլո ասուլիսում: Թատրոնի միջազգային ակադեմիայի նախագահ Դմիտրի Վլասովը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, նշել է, որ Ալեքսանդր Գրիգորյանն առաջին հայն է, որը դարձել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Նա նաև ավելացրել է, որ Ա. Գրիգորյանը նվաճել է Հայաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և այլ երկրների թատերասերների սերը: Նա նշել է, որ փետրվարի 4-ին Օլեգ Տաբակովի ղեկավարած մոսկովյան թատրոնում կայանալու է «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման պրեմիերան Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությամբ:





