AM
26 Հոկտեմբեր 2010 - 12:22 AMT

Արենիում գտնվել է ոչ միայն ամենահին կոշիկը, այլև ամենահին կիսաշրջազգեստը

«Մենք իսկզբանե գիտեինք, որ Արենին ոչ սովորական հուշարձան է: Էնեոլիթի, Պղնձի, Քարի դարի մասին քիչ բացահայտումներ կային, և ցանկացած նոր հուշարձանը այդ ժամանակահատվածից մեծ նշանակություն ունի համամարդկային տեսանկյունից»,- Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Արենիի պեղումների արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը:

Ըստ ԳԱԱ Հնագիտության և ազգագարության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի, պեղումների վերջին արդյունքները արդեն մեծ նյութ են պարունակում տարբեր գիտամակարդակների համար: «Այս գտածոները անգնահատելի ձեռքբերումներ են ոչ միայն Հայաստանի, այլև Հին Արևելքի պատմության համար»,- նշեց Պավել Ավետիսյանը:

Հնագետները նշեցին, որ հայտնաբերվել են ծիսական լուրջ տեղեկատվություն պարունակող թաղման անոթներ` մարդկային մասունքներով (մեկը գունազարդ անոթ է. այծապատկերներով և արևի նշանով) և այծ (ենթադրվում է, որ զոհաբերության համար):

«Մենք անգամ կարող ենք բացել Ք. Ա. 4 – րդ հազարամյակում ապրող մարդու գենետիկ կոդը, ինչի համար անհրաժեշտ է 60 հազար եվրո: Պետությունը աջակցում է մեզ բոլոր հարցերում, եթե անհրաժեշտությունը լինի, կաջակցեն»,- հավելեց Պավել Ավետիսյանը:

Պեղածոների մեջ կա նաև այն ժամանակաշրջանի մարդու հագուստի որոշ նմուշներ. արդեն մեծ աղմուկ հանած կոշիկից բացի գտտնվել է եղեգնյա կիսաշրջազգեստ և գոտի: Կիսաշրջազգեստը ենթադրաբար թվագրվում է Ք.Ա. 4րդ հազարամյակի սկիզբ: Փորձագիտական, լաբորատոր վերջնական արդյունքները սպասվում են: Արշավախումբը համագործակցում է Կալիֆորնիայի և Իռլանդիայի համալսարանների ներկայացուցիչների հետ:

Ինչպես պատմեցին գիտնականները, Արենի հուշարձանը այցելուների համար ժամանակավորապես փակ է. «Այցելուները խանգարում են աշխատանքներին: Աշխատանքների ավարտից հետո Մշակույթի նախարարության հետ համատեղ գուցե ծրագրվի Արենին զբոսաշրջության կենտրոն դարձնել, մանավանդ, որ դրա համար հարմար պայմաններ կան. Նորավանքին է հարում, Արփայի հովտում է», – նշեց Պավել Ավետիսյանը: