Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ այսօր թատրոնի հիմնական խնդիրներից մեկը պրոֆեսիոնալների պակասն է: «Մարդիկ չգիտես ինչու միշտ կարծում են, որ ներկայացման բեմականացման համար բավական է միայն ռեժիսորի, դերասանների և գուցե նաև բեմանկարիչի առկայությունը: Սակայն, դա բոլորովին այդպես չէ, քանի որ ներկայացման համար հարկավոր են նաև դիմահարդարներ, դերձակներ և այլն: Մենք չունենք ոչ դպրոցներ, ոչ քոլեջներ, ոչ ֆակուլտետներ, որոնք այդ ոլորտի մասնգետներ պատրաստեին, իսկ չէ որ դա անհրաժեշտ է: Ուստի մասնագիտական մակարդակն այդ ոլորտում բավականին ցածր է»,-ասել է տիկնիկային թատրոնի տնօրենը:
Ըստ նրա, թատերական գործիչները, ինչպես այլ ոլորտների մասնագետներ, նույնպես փորձի փոխանակման կարիք ունեն: «Հարկավոր է կազմակերպել վարպետության դասեր, ինչը թույլ կտա փորձի փոխանակում կատարել մյուս երկրների հետ»,-ասել է Բաբայանը՝ նշելով, որ թատրոնի տեխնիկական հագեցվածությունը նորմալ է:





