«2010 թվականը կարևոր շրջան էր մեզ համար: Այն մեր գործունեության առաջին տարին էր, որի ընթացքում Գաֆեսճյան արվեստի կենտրոնն իր հաստատուն տեղը գրավեց իբրև վստահելի արվեստի կենտրոնª հարստացնելով ողջ Հայաստանի մշակութային կյանքը», – ասվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանի հաղորդագրության մեջ:
Գաֆեսճյան արվեստի կենտրոնի այցելուների ընդհանուր թիվը 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին գերազանցել է 950,000-ը:
Տարվա ընթացքում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է երկու ցուցահանդես. «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» և «Իվանա Շրամկովա. երկրաչափական ձևեր և պատկերներ»:
2010 թվականին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղադրվել են 17 նոր ցուցանմուշներ: Անցյալ տարվա ընթացքում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հաջողությամբ մշակեց և իրականություն դարձրեց մի շարք կարևոր կրթական ծրագրեր: Կենտրոնի ղեկավարը ինքնատիպ ծրագրերի շարքում առանձնացրեց «Ստեղծագործականություն և երևակայություն» մանկական ծրագիրը, որի հիմքում ընկած է «Իվանա Շրամկովա. երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսը: Իր գոյության առաջին իսկ երկու ամսում, 2010թ. նոյեմբերին ու դեկտեմբերին, ծրագրին մասնակցել են ավելի քան 2,000 երեխաներ: Ըստ պարոն Մարաբյանի, ծրագիրը ինտերակտիվ է և հնարավորություն է ընձեռում երեխաներին թանգարանում այլևս չլինել պասիվ հանդիսատես, այլ, ներգրավվելով ստեղծագործական գործընթացին, յուրովի վայելել արվեստը: “Ծրագիրը կշարունակվի նաև 2011թ-ին: Ծրագիրը ներկայումս անցկացվում է երեքշաբթի և շաբաթ օրերինª համապատասխանաբար ընդգրկելով դպրոցներ և ընտանիքներ:
Գաֆեսճյան արվեստի կենտրոնի կարևորագույն ծրագրերից է նաև 2010 թվականի երկրոդ կեսին մեկնարկած Գաֆեսճյան դասական երաժշտության համերգաշարը, որի շրջանակներում յուրաքանչյուր չորեքշաբթի ԳԱԿ-ի Հատուկ միջոցառումների սրահում տեղի են ունենում դասական երաժշտության համերգներ: 2011թ. Գաֆեսճյան արվեստի կենտրոնը կշարունակի սատարել դասական երաժշտությունը, հայ երաժիշտներին և կոմպոզիտորներին:
ԳԱԿ-ի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները բերել Հայաստան և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր կենտրոնը ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր:





