AM
18 Մարտ 2011 - 09:06 AMT

Երևանում կբացվի ճարտարապետ Էրիխ Մենդելսոնի ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսը

Մարտի 20-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվող ցուցահանդեսում կներկայացվի գերմանացի հայտնի ճարտարապետ Էրիխ Մենդելսոնի մեծածավալ ստեղծագործական ժառանգությունը՝ հնարավորություն տալով հետևել Մենդելսոնի՝ վաղ փուլերից մինչև ուշ տարիներն արձանագրված ոճական զարգացումներին և համեմատել դրանք։ Ցուցահանդեսը կկրի «Էրիխ Մենդելսոն. դինամիկա և ֆունկցիա» խորագիրը: Մենդելսոնի ստեղծագործության ընտրանուն կծանոթացնեն ցուցահանդեսին ներկայացվող նախագծային էսքիզները, շինարարական գծանկարները, ներկայում արված լուսանկարները և հատուկ ցուցադրության համար պատրաստված 22 մանրակերտները, հայտնում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մամլո ծառայությունը:

Ցուցահանդեսի բացմնը կմասնակցի Գերմանիայից հրավիրված մենդելսոնագետ: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 10-ը:

Էրիխ Մենդելսոնը (1887-1953) դասվում է 20-րդ դարի ամենանշանավոր գերմանացի ճարտարապետների շարքին։ Նրա հեղինակած շինությունները կառուցվել են Գերմանիայում, նախկին Խորհրդային Միությունում, Նորվեգիայում, Անգլիայում, Պաղեստինում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Արդեն իսկ անդրանիկ իր ստեղծագործություններով՝ Պոտսդամում Այնշթայնի աշտարակով, Լուկենվալդեի գլխարկների ֆաբրիկայով և Բեռլինում Մոսսեի հրատարակչատան շենքով, նրան հաջողվում է հայտնվել «Ավանգարդ» ուղղության գագաթին։ Դրան հաջորդում են հանրախանութների, վաճառատների, ֆաբրիկաների, առանձնատների նախագծման, ինչպես նաև վերաձևափոխման բազմաթիվ չմիջնորդավորված պատվերներ։