Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն այսօր հյուրընկալել էր հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, խմբավար-դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին: Այս տարի լրանում է մաեստրոյի խմբավարական գործունեության 50 տարին: Պետական ակադեմիական երգչախումբը, որի ղեկավարն է մաեստրո Չեքիջյանը, աշխարհում ամենալավագույններից է, իսկ մաեստրոն` լավագույններից մեկը: Միջոցառմանը ներկա էին բուհի ռեկտոր պատմական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ, ասվում է համալսարանի մամլո հաղորդագրության մեջ:
Հանդիպման ջերմ մթնոլորտում ներկաները մաեստրոյին ուղղեցին տարաբնույթ հարցեր, ստանալով` բովանդակալից և հետաքրքիր պատասխաններ: Ռուբեն Միրզախանյանը մաեստրո Հովհաննես Չեքիջյանին պարգևատրեց բուհի «Խաչատուր Աբովյան» պատվո շքանշանով: Բուհի մշակույթի կենտրոնը ներկայացրեց համերգ` ի պատիվ մաեստրոյի: Վերջում մաեստրոն անակնկալ մատուցեց ներկաներին եւ խմբավարեց բուհի երգչախումբը, նաեւ բուհի գրադարանին նվիրեց իր մասին տարբեր հեղինակների մի շարք գրքեր:





