Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի է ունենում ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Նատյուրմորտ» կտավի ցուցադրությունը: Այն նկարվել է 1955 թվականին, երկարությունը 130սմ է, լայնությունը` 160 սմ:
«Սեղանի վրա դրված աղքատիկ իրերը գրավում են իրենց գծանկարային երգեցիկ արտահայտչականությամբ, իսկ կտավի ընդհանուր գունալուսային մթնոլորտը դիտողին իրականությունից վերացնում ու առաջնորդում է խորհրդավոր, բանաստեղծական աշխարհ»,- ասաց արվեստաբան Շահեն Խաչատրյանը:
Աշխատանքի ցուցադրությունը կազմակերպվել է Երևանի «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից: Ցուցադրության համադրող Գալուստ Հովսեփյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ աշխատանքը կցուցադրվի Ազգային պատկերասրահում մինչև մայիսի 5-ը, իսկ առաջիկա վեց ամիսների ընթացքում կմնա Հայաստանում և կշարունակի ցուցադրվել, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ: Հովսեփյանը չի բացառում, որ այս նկարն ընդհանրապես մնա Հայաստանում: Կտավն այժմ պատկանում է հեղինակին:
Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան) ծնվել է 1920 թվականին Թուրքիայի Սելեզ քաղաքում (Արևմտյան Հայաստան), մանկությունն անցկացրել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում, այնուհետև հաստատվել է Ֆրանսիայում: Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում: Ժանսեմն այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան 2 թանգարան` 2-ն էլ Ճապոնիայում: Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973 թվականին, իսկ 2001 թվականին իր «Եղեռն» շարքի 34 աշխատանքները նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին:





