Ապրիլի 15-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի կունենա երիտասարդ հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը: Ծրագրում կհնչեն Տորու Տակեմիցուի «Փակ աչքերով 2», Լուսիանո Բերիոյի «Շրջանները», Առնո Բաբաջանյանի »Վեց նկարները», Արվո Փարթի «Ալինայի համար», Հայկ Մելիքյանի և Միշել Կառսկու «Divertimento ousonmupien» համատեղ ստեղծագործությունը, Յանիս Քսանակիսի «Մշուշներ», Հարություն Դելլալիանի Կոմիտասին նվիրված Սոնատան և Իգոր Ստրավինսկու «Պետրուշկա» բալետից հատվածներ:
Հայկ Մելիքյանը ծնվել է 1980 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ալեքսանդր Գուրգենովի մոտ: Նա բազմաթիվ փառատոնների և մրցույթների դափնեկիր է, մասնավորապես Լևոն Սայանի, Կոնստանտին Օրբելյանի, Վալենտինո Բուչիի, Սայաթ-Նովայի անվան մրցույթների:
Համերգի կազմակերպիչն է հունական Pharos Arts Foundation-ը, համերգը տեղի կունենա «The Shoe Factory» համերգասրահում:





