AM
14 Ապրիլ 2011 - 09:22 AMT

Հայաստանի Ազգային գրադարանը կհարստանա «Էրեբունի» հանդեսի համարների հավաքածուով

Ապրիլի 15-ին, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա 1980-1995 թվականներին Լոնդոնում Թեքեյան խնամակալ մարմնի հովանավորությամբ և դոկտ. Անդրեաս Ծուլիկյանի խմբագրությամբ հրատարակված «Էրեբունի» ազգային, մշակութային և հասարակական երկշաբաթաթերթի ամբողջական և հազվագյուտ համարներից բաղկացած հավաքածուի 5 կազմված հատորները անձնական նախաձեռնությամբ գրադարանին հանձնելու արարողությունը:

Միջոցառման ընթացքում անդրադարձ կկատարվի պարբերականի ծագմանն ու բովանդակությանը, ինչպես նաև 12 տարի անընդմեջ թերթի խմբագրական աշխատանքները վարած դոկտ. Անդրեաս Ծուլիկյանի ազգային-հասարակական գործունեությանը:

«Էրեբունին» եղել է1979-ին հիմնադրված Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի պաշտոնաթերթը: Հրատարակվել է սկզբում որպես ամսաթերթ, ապա որպես երկշաբաթաթերթ` հայերեն և անգլերեն լեզուներով: 1993-1996 թվերին լույս է տեսել համեմատաբար ավելի փոքր ծավալով, նախ միայն անգլերեն, իսկ հետագայում` անգլերեն և հայերեն լեզուներով:

Թերթի կարգախոսներից է եղել «Հավատարիմ մնալ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին և Մայր Հայրենիքին»: