Մայիսի 15-ից կմեկնարկի գուսան Հայկազունի 60-ամյակին նվիրված համերգների շարքը Հայաստանի և ԼՂՀ-ի մարզերում: Ինչպես նշեց Հայկազունը, հյուրախաղերը կսկսվեն Արտաշատ քաղաքից, իսկ հոկտեմբեր ամսին կավարտվեն Երևանում: Համերգներին կմասնակցի գուսանի հիմնած «Հայկազունք» երգի համույթը, որը հիմնադրվել է չորս տարի առաջ և կազմված է կոնսերվատորիական կրթությամբ տասներկու երիտասարդ կատարողներից:
Գուսան Հայկազունը մասնագիտությամբ շինարար-ինժեներ է և չունի երաժշտական կրթություն: Հայրենասիրական երգեր սկսել է գրել Արցախյան շարժման ժամանակ: Գուսանի առաջին երգն է «Հայեր միացեք»-ը, որն ըստ հեղինակի Արցախյան շարժման տարիներին է ծնվել: Արցախյան պատերազմի տարիներին նա նաև գրել է հայտնի «Պատերազմ ենք գնում», «Գետաշեն» երգերը, ինչպես նաև սիրային թեմաներով երգեր: Գուսանը մինչ օրս ստեղծագործում է և վերջին ստեղծագործությունը գրվել է հատուկ «Գոհար» համույթի համար:





