AM
21 Ապրիլ 2011 - 11:17 AMT

Թուրք դերասանուհին խաղացել է Մեծ Եղեռնի մասին հայկական ֆիլմում

«Միկա Լիմիթեդ» և «Պարադիզ» ընկերությունները՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, 2011թ.-ի ապրիլի 23-ին Մոսկվա կինոթատրոնում կներկայացնեն Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը:

Ինչպես նշում են կազմակերպիչները, սա առաջին ֆիլմն է, որտեղ ցեղասպանության թեման դիտարկվում է գաղթականների մի քանի սերունդների վրա դրա ունեցած ազդեցության տեսանկյունից, և առաջին անգամ հայկական ֆիլմում նկարահանվել է թուրք դերասանուհի:

Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արևմտյան Հայաստանում (Թուրքիա): Գլխավոր դերերում նկարահանվել են տարբեր երկրներից հրավիրված դերասաններ՝ Ժան-Պիեռ Նշանյան (ԱՄՆ), Արեն Վաթյան (ՌԴ), Արևիկ Մարտիրոսյան (Ֆրանսիա), Գյունըշը Զան (Թուրքիա), Կարեն Ջհանգիրյան:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արտակ Իգիթյանը և Վահան Ստեփանյանը, սցենարիստներ՝ Արմեն Վաթյան և Արեն Վաթյան, բեմադրող օպերատոր՝ Ռուբեն Շահբազյանց, բեմադրող նկարիչ՝ Գագիկ Բաբայան: Երաժշտությունը գրել է Հայկոն:

Իրադարձությունները համայն հայության համար ողբերգական 1915թվականի հետևանքներն են, որ ծավալվում են Գարապետ Փամբուկչյանի ընտանիքում: Նրանք Ամերիկա ներգաղթած հայերի 4-րդ սերունդն են ներկայացնում և կանգնած են «Ամերիկա» կոչվող վիթխարի բազմազգ խառնարանում ընդհանուրին միաձուլվելու վտանգի եզրին. մի կողմից որդին՝ ով ըմբոստանում է հոր ձեռնարկած արմատները պահպանելու փորձերի դեմ, մյուս կողմից թոռը, ով սիրահարվել է թրքուհուն: Ութսունամյա Գարապետը, որի մայրը հրաշքով փրկվել է եղեռնից, ձգտում է ամեն կերպ իր ամերիկանացված սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորուսյալ Հայրենիքի հետ կապը, միայն այդպես նա կկարողանա փրկել ընտանիքը օտարացումից և բաժանումից: Հանդիսատեսը ֆիլմը դիտելու հնարավորություն կունենա ապրիլի 24-ից: