AM
27 Ապրիլ 2011 - 09:51 AMT

Ուրուգվայի «Կռունկ» համույթն առաջին անգամ ելույթ ունեցավ հայրենիքում

Ապրիլի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ երևանյան գրասենյակի կազմակերպած Ուրուգվայի «Կռունկ» համույթի «Դեպի Հայրենիք» խորագրով համերգը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի ոլորտի գործիչներ, բազմաթիվ սփյուռքահայեր:

1993թ. հիմնադրված, 20-75 տարեկան 35 մարդուց բաղկացած երգչախումբը ղեկավարում է Ալվարո Հակոբյանը, ով հանդիսանում է նաև Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը: «Կռունկ»-ը ելույթներ է ունեցել տարբեր երկրներում, սակայն առաջին անգամ է համերգներով հանդես գալիս Հայրենիքում: Երգչախմբի հյուրախաղերը մաս են կազմում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների։

«Սիրով և ջերմությամբ ողջունում եմ Ուրուգվայից եկած մեր հայրենակիցներին: Մենք բոլորս սրտի տրոփյունով արտասանում ենք` «Կռունկ, ուստի կուգաս, կարոտ ենք ձայնիդ»: Շնորհակալ ենք «Կռունկ»-ին, որ կարողացել է պահպանել հայ արմատը, հայ ինքնությունը և հայ մշակույթը, որն արդյունք է Լատինական Ամերիկայի հայ համայնքների համախմբման, հայ ժողովրդի միասնության: Խորհրդանշական է, որ Ուրուգվայն առաջինն աշխարհում ճանաչեց և դատապարտեց Հայոց Ցեղասպանության փաստը, որում մեծ դերակատարում ունի Ուրուգվայի հայ համայնքը: Երկար տարիներ երգչախումբը երգում է հայի և Հայաստանի մասին, իսկ նրանց սիրտը Հայրենիքում է»,- իր խոսքում նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Շնորհակալություն հայտնելով խմբի բոլոր անդամներին և ղեկավար Ալվարո Հակոբյանին` հայ մշակույթի տարածման և զարգացման, հայապահպանության և ստեղծագործական բեղուն գործունեության համար նախարար Հ.Հակոբյանը «Կռունկ» համույթին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

Նախարարը նշեց նաև, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական կազմակերպությունների հետ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 20-ամյակի կապակցությամբ նախատեսել է կազմակերպել 20 համերգ, իսկ բացումը կատարեց «Կռունկ» երգչախումբը: Ապրիլի 28-ին ևս մեկ համերգ տեղի կունենա Գյումրիի Արվեստների ակադեմիայի համերգասրահում:

Հայրենիքում իր առաջին համերգի ընթացքում համույթը կատարեց շուրջ երկու տասնյակ հայկական ժողովրդական և աշուղական երգեր (Կոմիտաս, Վ.Տիգրանյան, Ա.Հեքիմյան, Թ.Ալթունյան, գուսան Շերամ, գուսան Աշոտ, գուսան Շահեն և այլն)։Հանդիսատեսի պահանջով և բուռն ծափողջյունների ներքո երգչախումբը ծրագրից դուրս կատարեց ևս մի քանի ստեղծագործություն: Առաջին հանդիպումից հուզված էին թե հանդիսատեսը, և թե երգչախմբի անդամները, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: