AM
4 Մայիս 2011 - 15:11 AMT

Հայաստանի ազգային պատկերասրահում համերգով հանդես կգան «Հայաստանի պատանի տաղանդները»

Մայիսի 5-ին,Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու «Հայաստանի պատանի տաղանդներ» խորագրով համերգը: «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան պատանի երաժիշտներ Լյուդվիգ Հայրապետյանը (ֆլեյտա), Սերյոժա Ստեփանյանը (տենոր), Արսեն Ստեփանյանը (տենոր), Նինա Մինասյանը (սոպրանո), Ռիմա Խաչատրյանը (մեցցո-սոպրանո), Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), նվագակցող` Էլլա Մելիք-Հուսյան:

Փառատոնը մեկնարկել է ապրիլի 28-ին Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում հնչել են կոմպոզիտորի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում սպասվում են հետևյալ համերգները. մայիսի 10-ին հանդես կգան` ֆրանսիացի ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին և դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, մայիսի 18-ին` ջութակահար Նիկոլայ Մադոյանը (Գերմանիա) կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի հետ, մայիսի 25-ին ռուսաստանցի Գլեբ Կարպուշկինը (գալարափող) հանդես կգա դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա մայիսի 31-ին, որին կմասնակցեն ռուսաստանցի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը: Փառատոնը կազմակերպվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից, գխավոր հովանավորն է ՎիվաՍելլ- ՄՏՍ-ը: