AM
12 Մայիս 2011 - 09:59 AMT

Վարչապետը Էդվարդ Միրզոյանին մաղթել է առողջություն, անսպառ եռանդ և արևշատություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանին` շնորհավորելով ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Կառավարության ղեկավարի ուղերձում, մասնավորապես ասվում է. «Ձեր ստեղծագործական ժառանգությունը արդեն երկար տասնամյակներ հանդիսանում է հայկական մշակութային գանձարանի նշանակալի մասը, որով մեր ժողովուրդը ներկայանում է աշխարհին: Լինելով հայ ժողովրդի դարավոր ընթացքի, հոգևոր մշակութային ժառանգության քաջահմուտ գիտակն ու կրողը` Դուք այդ ամենը վառ տաղանդով արտացոլել եք երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող Ձեր ստեղծագործություններում, որոնք շարունակ հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերում` փառավորելով Ձեր և Ձեզ ծնած ժողովրդի անունը: Ձեր ներկայությունը անչափ լեցուն է մեր մշակութային-հասարակական կյանքում` թե որպես առաջնակարգ կոմպոզիտոր, թե որպես մանկավարժ ու միրզոյանական դպրոցի հիմնադիր: Ձեր մարդկային ու քաղաքացիական բազմաթիվ առաքինություններից առանձնանում է անսահման համեստությունը` առավել զարդարելով արվեստագետի Ձեր ազնիվ կեցվածքը»:

Տիգրան Սարգսյանը հանրաճանաչ կոմպոզիտորին մաղթել է առողջություն, անսպառ եռանդ և արևշատություն: