AM
17 Մայիս 2011 - 12:11 AMT

Համաշխարհային աստղերը Նյու Յորքում կմեծարեն Շառլ Ազնավուրին

Մայիսի 20-ին Նյու Յորքի Cipriani Wall Street դահիլիճում աշխարհահռչակ մի խումբ երաժիշտներ, արվեստագետներ եւ հայ համայնքի ղեկավարներ կհավաքվեն հարգանքի տուրք մատուցելու աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկին՝ Շառլ Ազնավուրին: Մեծարման երեկոն անց է կացվելու Ազնավուրի ծննդյան 87-ամյակին ընդառաջ, որը լրանում է մայիսի 22-ին:

Ինչպես նշում է massispost-ը, Ազնավուրի մեծարման առիթը ոչ միայն երգչի տաղանդն է, սա փայլուն առիթ է նաև հիշելու նրա երկար տարիների ծառայությունը Հայաստանին, հատկապես Հայաստանի Հանրապետության 20-ամյակի նախաշեմին:

Մեծարման երեկոյին ներկա է գտնվելու Լայզա Մինելլին, որն Ազնավուրին ճանաչում է ավելի քան 50 տարի: Նա կարծում է, որ Ազնավուրի ուժը երգի միջոցով պատմություններ պատմելու մեջ է, և Մինելլին միշտ ցանկացել է լինել այնպիսի պատմություններ պատմող, ինչպիսին Ազնավուրն է:

Ներկա է գտնվելու նաև կանադացի երգչուհի Սելին Դիոնը, ում Ազնավուրի ստեղծագործությունները հայտնի են դարձել իր մոր միջոցով: «Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ է եղել ելույթ ունենալ Ազնավուրի հետ», ասում է Դիոնը, «Նա ոչ միայն մեծագույն աստղ է, այլև շատ բարի և քաղաքավարի անձնավորություն»:

Բացի նշված արտիստներից, երեկոյին մասնակցելու են նաև երգիչներ Թոնի Բենեթը, Պլասիդո Դոմինգոն, Էլթոն Ջոնը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը իր կնոջ` դերասանուհի Արսինե Խանջյանի հետ, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մակարյանը, Carnegie Hall-ի գործադիր տնօրեն Քլիվ Ջիլլինսոնը, հասարակական, քաղաքական մի շարք գործիչներ և հոգևոր անձիք: