AM
28 Մայիս 2011 - 13:04 AMT

«Ազգային պատկերասրահ» փառատոնի փակմանը կլինեն երեք պրեմիերաներ

Մայիսի 31-ին տեղի է ունենալու «Ազգային պատկերասրահ» յոթերորդ միջազգային երաժշտական փառատոնի փակումը: Փառատոնը կփակվի ռուսաստանցի ջութակահար Կարեն Շահգալդյանի, ալտահար Յանա Դարյանի, թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի ելույթներով, որի դիրիժորն է լինելու իրանցի Հուշնար Խայամը: Համերգի ընթացքում տեղի է ունենալու Հուշնար Խայամի թավջութակի և լարայինի կոնցերտի համաշխարհային պրեմիերան, որը նվիրվելու է Արամ Թալալյանին, ինչպես նաև Իրակլի Ցինցաձեի «Կոնտրաստներ» ստեղծագործության և Միքայել Թարիվերդիևի Ռոմանտիկ ոճով կոնցերտի հայաստանյան պրեմիերաները: Բացի վերը նշված ստեղծագործություններից, կհնչեն Ալֆրեդ Շնիդկեյի և Ալեքսանդր Հարությունյանի ջութակի և լարայինի կոնցերտները: Համերգը անց է կացվելու «Արամ Թալալյան և ընկերներ» խորագրով:

Փառատոնը մեկնարկել է ապրիլի 28-ին Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում հնչել են կոմպոզիտորի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները:

Փառատոնը կազմակերպվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից, գխավոր հովանավորն է ՎիվաՍելլ- ՄՏՍ-ը: Փառատոնն ամբողջովին նվիրված է Էդվարդ Միրզոյանի հոբելյանին: