AM
29 Մայիս 2011 - 11:54 AMT

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոն»

Մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոն», որը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան):

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական այս հավաքին կմասնակցեն մինչև 18 տարեկան 32 շնորհալի պատանի երաժիշտ-կատարող տարբեր երկրներից` Ռուսաստան, Ֆինլանդիա, Իրան, Ուզբեկստան, Վրաստան, Հայաստան: Մասնակիցների շարքերում կան միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, որոնք բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 31-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այդ օրը պատանի երաժիշտները հանդես կգան թե' մենանվագ կատարումներով, թե' Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժոր` Հարություն Արզումանյան):

Հունիսի 1-ին և 2-ին երևանյան հանդիսատեսը նույն համերգասրահում կունկնդրի պատանի երաժիշտների կատարումները:

Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների համերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տեղի կունենա հունիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում (դիրիժոր` Հարություն Արզումանյան):

Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ կտա օտարազգի պատանիներին մոտիկից ծանոթանալ Հայաստանին` դիտել Երևանի տեսարժան վայրերը, տեսնել Սևանը և այլն:

Հունիսի 3-ին պատանի երաժիշտները կայցելեն Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ուր նրանց կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Փառատոնն անցնելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական կամերային (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր`Վահան Մարտիրոսյան) նվագախմբերի աջակցությամբ:

Փառատոնի գլխավոր հովանավորներն են ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հարավկովկասյան երկաթուղին, ինչպես նաև «Կակտուս» մեքսիկական բար-ռեստորանը («ՍՎԵՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ) և «Աֆրիկյանների պանդոկը»: