AM
31 Մայիս 2011 - 04:20 AMT

Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի կունենա Երվանդ Քոչարին նվիրված միջոցառում

Հունիսի 2-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի է ունենալու միջոցառում` նվիրված նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարին: Միջոցառումը անց է կացվելու կենտրոնի «Հանդիպումներ արվեստի հետ» շրջանակներում:

Միջոցառման ընթացում ցուցադրվելու են «Սասնա ծռերի» պատկերազարդումները, իսկ երեկոյի ընթացքում ելույթ կունենա դաշնակահար Հայկ Մելիքյանը, ում ելույթը նվիրվում է մեծ արվեստագետին:

Երվանդ Քոչարը (1899-1979) եռաչափ գեղանկարչության հիմնադիրներից է: 1923-1936թթ. ապրել է Փարիզում, նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Sacre du Printepms և Van Leer ցուցասրահներում: Շագալի, Բրակի, Գրիսի, Կիրիկոյի, Պիկաբիայի, Պիկասոյի և այլ նկարիչների հետ 1929-ին մասնակցել է «Panorama de l'Art contemporain» ցուցահանդեսին: 1936-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ստեղծել է Սասունցի Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանները: Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո այլևս չի մեկնել Փարիզ:

Հայկ Մելիքյանը ծնվել է 1980 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ալեքսանդր Գուրգենովի մոտ: Նա բազմաթիվ փառատոնների և մրցույթների դափնեկիր է, մասնավորապես Լևոն Սայանի, Կոնստանտին Օրբելյանի, Վալենտինո Բուչիի, Սայաթ-Նովայի անվան մրցույթների: