Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց նկարիչ Գեորգի Յակուլովի ցուցահանդեսը, որը ընդգրկում է նկարչի միայն թանգարանում գտնվող ստեղծագործությունները` գեղանկար, գրաֆիկա, թատերական ձևավորումներ (130 միավորից 86 միավոր) և զբաղեցնում է 4 ցուցասրահ: Այս ցուցադրությանը նախորդել է գիտահետաղոտական աշխատանք` ուսումնասիրվել են նկարչի թանգարանում գտնվող բոլոր ստեղծագործությունները, ինչի արդյունքում կազմվել է Յակուլովի ստեղծագործությունների առաջին գիտական կատալոգը, որն ընդգրկում է 130 միավոր: Վիկտորիա Բադալյանը մենագրություն է գրել` «Գեորգի Յակուլով. Նկարիչ, արվեստ տեսաբան», որում նկարչի կյանքը և ստեղծագործությունը դիտարկվում են իր ժամանակի համատեքստում և նոր հետազոտությունների և բացահայտումների լույսի ներքո: Մենագրության մեջ ներառված են նաև նկարչի անտիպ տեսական հոդվածները: Առաջին անգամ կազմվել է նրա ձևավորած բեմադրությունների ընդհանուր ցանկը, մատենագիտությունը:
Տպագրվել է նաև Իրինա Բաղդամյանի «Գեորգի Յակուլով» 2010 թ. ալբոմը: Այս երկու գրքերը ներկայացվեցին ցուցահանդեսի շրջանակում:
Նկարիչ-նորարար Գ. Յակուլովը ռուսական և հայկական բեմանկարչությունում կոնստրուկտիվիզմի հիմնադիրն է: Նա նաև ռուսական ավանգարդի առաջին և վառ ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է Թիֆլիսում, 1893 թվականից ապրել, սովորել և ստեղծագործել է Մոսկվայում: Սովորել է Լազարյան ճեմարանում, ապա Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: Ավելի քան 40 հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է: Ձևավորել է 23 բեմադրություն Մոսկվայում, Մինսկում, Փարիզում և այլուր:Մահացել է Երևանում 1928 թ. դեկտեմբերի 28-ին, թաղվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:
Յակուլովը միակն է հայկական արվեստում, ով ուսումնասիրեց արևի լույսի և գույների ռիթմը և շարժումը տարածության մեջ, ինչպես գեղանկարչության, այնպես էլ ֆիզիկայի տեսանկյունից: Նա ուներ նպատակ` ստեղծել արևելքի և արևմուտքի մշակույթներից սինթեզված մի նոր արվեստ, որը կկոչվեր Արևելյան վերածնունդ և կհակադրվեր Արևմտյան Վերածննդին:





