Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի փորձերից մեկի ժամանակ: Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնը, եզրափակիչ փուլի փորձերից մեկի ժամանակ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Հայաստանի ներկայացուցիչ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հասցեին, հայտարարելով, որ նա թավջութակ է նվագում, ոչ թե տրոմբոն:
Մրցույթի կազմկոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն դատապարտում է Գորենշտեյնի պահվածքը, համարելով այն վիրավորական: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք գտնում ենք, որ մարդու արժանապատվությունը ստորացնող բառերը փչացնում են ստեղծագործական մթնոլորտը, որի ստեղծման համար Չայկովսկու անվան մրցույթը մեծ ջանքեր է թափել և կոչված է աջակցելու երիտասարդ երաժիշտներին: Այն պարտավորեցնում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի և կազմակերպչի հարգանք ցուցաբերել երիտասարդների նկատմամբ»:
Նարեկ Հախնազարյանը անցել է մրցույթի եզրափակիչ փուլ, և ելույթ է ունենալու հունիսի 27-ին:
Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է:





