AM
27 Հունիս 2011 - 12:38 AMT

Պարարվեստի «Բարեկամություն» անսամբլը համերգով կշնորհավորի իր ղեկավարի 70-ամյակը

Հուլիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի տոնական ելույթը` նվիրված անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր Նորայր Մեհրաբյանի 70-ամյակին: Համերգին կմասնակցեն նաև Մյունխենից հրավիրված “Forceful Feelings” («Հզոր Զգացմունքներ») բալետային խումբը: Խումբը հուլիսի 2 –ին կունենա նաև Նորայր Մեհրաբյանի 70-ամյակին նվիրված մենահամերգ:

«Բարեկամություն» անսամբլը հիմնադրվել է 1987 թվականին այն ժամանակ դեռ ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ:

Յուրաքանչյուր տարի «Բարեկամությունը» մասնակցում է միջպետական միջոցառումների` Հայաստանի օրեր տարբեր երկրներում, բարեգործական համերգներ, փառատոններ: Վերջին տարիներին համույթը մասնակցել է մի շարք կառավարական միջոցառումների, որոնց հանդիսավոր բացման և փակման արարողությունները բեմադրվել են Նորայր Մեհրաբյանի կողմից: Գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի և միշտ կատարելության ձգտող պրոֆեսիոնալ կազմի շնորհիվ 20 տարի շարունակ «Բարեկամությունը» եղել է Հայաստանում ստեղծագործական և համերգային ամենաակտիվ գործունեություն վարող կոլեկտիվներից:

2008թ-ին համույթն արժանացել է վաստակավոր կոլեկտիվի կոչման: